10:35 Վահան Տերյան | |
Հայ բանաստեղծությունը քնարական բարձունքներ նվաճում է Տերյանի
և Թեքեյանի գեղարվեստական մակարդակների շնորհիվ: Մինչ այդ քնարերգության լավագույն
արտահայտություններ էին Դուրյանի, Իսահակյանի երգերը, թերևս այսքանով էլ չափվում է
հայ դասական քնարերգության սահմանը՝ Դուրյան-Մեծարենց- Իսահակյան-Թեքեյան: Տերյանի
գեղարվեստական ստեղծագործությունն այս փաղանգի մեջ ներկայանում է մտածողության ինքնատիպ
խորքով: Տերյանի ստեղծագործության մասին պետք է ասել՝ նշելով նրա սիմվոլիստական խոր
երակը, մի բան, որ դժվարությամբ է ամրագրվել: Տասնամյակներ շարունակ սիմվոլիզմը ընկալվում
էր որպես հակամարդկային մի տեսություն, որպես անհատապաշտության հաղթարշավ: Տերյանի
առաջին ժողովածուն լույս է տեսել 1908թ.-ին Մոսկվայում՝ <<Մթնշաղի անուրջներ>> խորագրով: Տերյանի համար ավելի դժվար էր, քան Թումանյանի
և Իսահակյանի համար. Տերյանը Թումանյան ուներ իր ետևում. <<ձեզանից հետո կամ նոր երգ պետք է ասել, կամ բոլորովին լռել>>:
Իսկ դժվարն էլ <<նոր երգ>> ասելն էր, որ կրկնություն չլինի: 1912թ.-ին
նա հրատարակում է իր երկրորդ ժողովածուն Բանաստեղծություններ Բ հատոր խորագրով, իսկ
1913թ. աշնանից տեղափոխվում է Պետերբուրգ և գրում իր <<Երկիր նաիրի>> շարքը:
Տերյանին մեղադրում էին նրա առաջին ժողովածույից հետո. օտար է գեղարվեստական դաստիարակությունը:
Նրան անվանեցին ամենից օտարը հայ գրականության
մեջ: Սակայն Տերյանի երգը բերում էր հայրենական բանաստեղծության նոր աշխարհագրական որակը` մարդու ներաշխարհի տարածքը:
Տերյանը դեմ է դուրս գալիս բանաստեղծական նախկին չափումներին՝ <<Ճորոխի հովիտը>>,
<<Հայրենի գետի եզերք>>, անգամ
արտաքին թվացող թեմաներին: Տերյանը բանաստեղծությունը համարում էր հոգու երգ, որի գլխավոր
նպատակը ներաշխարհի հայտնատեսությունն է: Ուրիշ բան, թե այդ ներաշխարհում ինչպես է ցոլանում, բեկվում արտաքին
աշխարհը: Այս անկյունի մեծությունն էլ բանաստեղծի մեծության սահմանն է: Երկար ժամանակ
կար մի թյուր կարծիք, թե Տերյանը ցարական ռեակցիայի հոռետեսական տրամադրությունների
կրողն է՝ առաջին հեղափոխության վերելքից հետո
(1908-1911թթ): Մինչդեռ այդպես չէ. Տերյանն ունի իր գեղագիտական իդեալը: 10
ական թվականներին նա երգում է նաև հայրենիքը՝ իր երկիր նաիրին, որով դեմ է դուրս գալիս
այն բոլոր քննադատություններին, ըստ որոնց ինքն անհայրենիք էր: 1914թ.-ի ապրիլի
30-ին Թիֆլիսում կարդում է <<հոգևոր հայաստան, հայ գրականության գալիք օրը>>
ծրագրային զեկուցումները, այնուհետև մեկ տարի անց լույս է տեսնում նրա <<երկիր
Նաիրին>>, որն անվանում է հայրենասիրական երգաշար: Շրջապատում նոր են մտաբերում,
որ մինչև 10-ականները Տերյանի պաշտպանությամբ
հանդես եկավ Թումանյանը, ով հոգեհարազատ համարեց տերյանական թախիծը: 1917թ.-ին Տերյանը նետվում է ռուսական հեղափոխական շարժման
նոր բարիկադներ, տարվում սոցիալիզմով, դառնում կոմունիստ, դառնում Բրեստ-Լիտովսկյան
հաշտության մասնակից: Կոմունիստները նրան <<պարգևատրում>> են՝ ուղարկելով
Սիբիր: Ճանապարհին գնացքի վագոնում էլ 1920թ.-ի հունվարի 8-ին կնքում է իր մահկանացուն: Տերյանի գեղարվեստական յուրահատկություններից մեկը շարքերն
են՝ՙ<<գիշեր և հուշեր>>,
<<հուշեր Լազարյան ճեմարանից>>, <<Վերադարձի երգեր>>, <<Ոսկի շղթա>>, <<Կատվի դրախտ>>,
<<Ոսկի հեքիաթ>>, <<Երկիր
նաիրի>>: <<Մթնշաղի անուրջներ>>-
ի 77 երգերում նա ներկայացնում է մարդու ներաշխարհի ձևավորման ընթացքը, բացահայտում
է գեղեցիկի իր ըմբռնումը. իդեալը ցնորք է և իրականության մեջ անորսալի: Այն ներկայանում է որպես ուրու, որպես անհայտ երկրի
մանուշակ, կին, որին երբեք չես հասնի, ինչպես կասեր Վարուժանը՝ <<տառապի մարդ
ու չը՛ կրնա դիպչիլ քեզ>>: Իդեալի պաշտամունքը արտահայտող բանաստեղծություններում՝
<<Անծանոթ աղջկան>>, <<Կարոտ>>, <<Իրիկնաժամ>>, <<Ցնորք>> բանաստեղծություններում,
որտեղ նկատվում է մեծ երազի և դառն իրականության
սուր բախումը, որ քնարական հերոսը հպատակվում է երազին: Իդեալի հետ քնարական
հերոսը պայմանավորված ժամին է հանդիպում՝ իրիկնաժամին: Օրվա մնացած ժամերը բանաստեղծի
համար դառնություն են բերում, որովհետև մատնանշում են անջատումը, հեռացումը, այստեղից՝
հերոսի (քնարական) խոր տառապանքը: Տերյանն առաջիններից էր, ով փորձում էր նկատել անցողիկը
և իդեալականը, որը տեսնում ենք <<Ցնորք>> և <<Հրաշք աղջիկ>> բանաստեղծություններում: Նորագույն բանաստեղծական օրինակները ընդգծում են
ռոմանտիզմը, որն ի տարբերություն դասական շրջանի, կոչվում է նոր ռոմանտիզմ: Դասական
ռոմանտիզմի ժամանակ իդեալն ու իրականությունը հակադրվում էին իրար, բայց ոչ սերտաճում:
Նեոռոմանտիկները չեն բավարարվում հակադրության այս եղանակով: Նրանք շատ հաճախ փորձում
են իրականությունը բարձրացնել դեպի իդեալը՝ տրորելով գեղեցիկի, անհասի իրենց ըմբռնումը:
Ստացվում է, որ քնարական հերոսը հասնում է կնոջը, տիրում նրան, բայց նրա իդեալը չէ:
Ընդհակառակը, դա ոչ թե վերելք է, այլ՝ անկում, վիհ: Նման գեղարվեստական կառույցը, որը բնորոշ է Իսահակյանին,
Մ. Իշխանին, Դ. Վարուժանին, առաջինը բացել է Տերյանը և կոչվում է սիրո ու մեղքի պարտեզ:
Երբեմն բանաստեղծին թվում է, թե իդեալն անուրջ է, բնավ չի եղել, և իրենք՝ բանաստեղծներն
են գունազարդում այն: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |