Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 31 » ԲԻԲԼԻԱԿԱՆ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ
21:09
ԲԻԲԼԻԱԿԱՆ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ


Ճանաչենք ինքներս մեզ  նախագծի շրջանակներում ցանկություն առաջացավ ներկայացնել պատմությունը մեր բիբլիական լեռան, որի մասին համռոտ ներկայացնում եմ ստորև:

Հայկական բարձրավանդակը լեռնային երկիր է: Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթը Մեծ Մասիսն է, Արարատը`5165մ. հնում,  5156մ. և նորագույն չափումների համաձայն 5170մ.: Մասիս անվանումը Մասու ձևով առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակում մարդկության պատմության առաջին շումերական <<Գիլգամեշ>> էպոսում: Մասիս անվանումն ունի մի քանի ստուգաբանություն` առաջինի համաձայն այն առաջացել է ըստ հին հավատալիքների, աստվածների մեծ մոր` Մա աստվածուհու անունից, որը բնակվում էր բարձր լեռների կամ սիսերի (լեռ) գագաթներին: Այստեղից էլ առաջացել է Մայի սար կամ Մասիս անվանումը: Երկրորդ ստուգաբանության համաձայն Մասիս անվանումն առաջացել է Հայկ նահապետի անունից, որը բնակվում էր լեռան դիմաց գտնվող Արմավիր քաղաքում, որի մասին տեղեկություն է հաղորդում Մովսես Խորենացին: Երրորդ ստուգաբանության համաձայն Մասիս անվանումն առաջացել է Աստվածաշնչյան Մասեքի անունից: Հրեաների առաջնորդ Աբրահամն իր որդուն` Իսահակին մյուս կանանցից ծնված որդիներից բաժանելու համար ուղարկում է տարբեր ուղղություններով: Նա իր հարճերից մեկին` Մասեքին, նրանից ծնված որդու` Եղիազարի հետ միասին ուղարկում է դեպի հյուսիս` Հայաստան: Մասեքի անունից էլ առաջացել է Մասիս անվանումը, իսկ Եղիազարի անունից`<<Եղեւն կամ ազատն Մասիս>> անվանումը: Արարատ անվանումը, որպես Մասիս անվան հոմանիշ, առաջին անգամ Արարդու ձևով հիշատակվում է մ.թ.ա. 714 թվականին Ասորեստանի Սարգոն 2-րդ թագավորի դեպի Հայաստան ձեռնարկած արշավանքի արձանագրության մեջ: Արարատ անվանումն իր ուղիղ ձևով առաջին անգամ հիշատակվում է Աստվածաշնչի Հին Կտակարանի Ծննդոց գրքում` կապված համաշխարհային շրհեղեղի և Նոյան տապանի հետ: Ըստ պատմիչ Խորենացու, լեռան Արարատ անվանումն առաջացել է Արա նահապետի անունից և շատ անգամ լեռը կոչվել է Արայի սար կամ Արայի արատ: Արարատ լեռը օտար ժողովուրդների կողմից անվանակոչվել է տարբեր անվանումներով`թուրքերն այն անվանում են Աղրի դաղ (ծանր լեռ), պարսիկները`քուհե Նուհ (Նոյի սար), արաբները` հարիս ( արիական ժողովրդի սար): Հնագույն ժամանակներից տեղի ունեցած մի շարք ավերիչ երկրաշարժերի հետևանքով Մեծ Մասիսի վրա առաջացել է մի փլվածք, որը ժողովուրդը հետագայում անվանեց <<վիմ Մասեաց կամ վիհք Մասեաց>>, որ նշանակում է Մասիսի խորխորատ: Մասիսի խորխորատում է գտնվում Գինո գետի ափին կառուցված Ս. Հակոբի վանքը, որն ավերվեց 1840 թվականի երկրաշարժի ժամանակ: Մասիսը դեռևս հին ժամանակներից գրավել է ճանապարհորդների և գիտնականների ուշադրությունը: Այն հնուց ի վեր դիտվել է որպես սրբազան լեռ:13-րդ դարի Ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկի վկայությամբ, ոչ ոք չպետք է բարձրանա Մասիսը, քանի որ այն աշխարհի մայրն է: Մասիսը դարեր շարունակ հանդիսացել է հայոց թագավորների որսատեղի և ինչպես վկայում է 13-րդ դարի արաբ ճանապարհորդ Յակուբը, այստեղ են գտնվել հայոց թագավորների  շիրիմները և նրանց գանձերը: Մասիսն իր հարաբերական բարձրությամբ աշխարհի ամենաբարձր սարն է: Նրա հարաբերական բարձրությունն է 4200-4300մ.: Այդ հարաբերական բարձրությունն էլ Մասիսին տալիս է հմայք: Այն իր վեհությամբ համարվում է աշխարհի գեղեցկագույն սարերից և դա այն պատճառով, որ դիտորդի աչքին այն բարձրանում է իր ողջ վեհությամբ: Ֆրանսիացի նշանավոր գիտնականներից մեկն ասել է, թե չկա ավելի գեղեցիկ և կենտրոնական գագաթ, Բարեհուսո հրվանդանից մինչև Բերինգի նեղուց,  քան Մասիսն է:

 

Դիտումներ: 1037 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: