Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » Սուրբ Պատարագի խորհուրդի մասին
19:23
Սուրբ Պատարագի խորհուրդի մասին


Ո՜ վ աղօթարար, աղօթքը շարժումն է այն պարանի, որի մի ծայրը կապուած է երկնքում կախուած զանգից, և որքան ջերմեռանդ աղօթես, այնքան քաղցր կհնչեն զանգակի ղօղանջները, և Աստուծոյ ամենահաս ձեռքը կմերձենայ քեզ:

Տ. Օշական վարդապետ Կիւլկիւլեան

Մարդ արարածը՝ Արարչագործության զարդն ու պսակը, սատանայի դրդմամբ՝ վտարվեց դրախտից ու զրկվեց Աստվածապարգև շնորհներից: Անշուշտ Աստված հողեղեն արարածներին չթողեց բախտի քմահաճույքին, այլ մարգարեների միջոցով՝ ցույց տվեց իր հայրական անսահման սերը, և մարդկանց հոգիների փրկության համար իր Միածին Որդուն առաքեց աշխարհ, ով չարչարվեց և խաչի վրա հեղված իր կենարար արյամբ գնեց մեր մեղքերը: Պատարագ նշանակում է զոհ՝ ընծա, նվեր և զոհաբերվողը հենց ինքը՝ Հիսուս Քրիստոսն է, որ յուրաքանչյուր պատարագի ժամանակ՝ որպես բանական զոհ, ընծայաբերվում է Աստծուն՝ մարդկանց մեղքերի քավության և թողության համար: Պատարագի բուն առանցքը կազմում է Հաղորդության Սուրբ խորհուրդը, որը հենց Հիսուսն հաստատեց Խորհրդավոր ընթրիքի ժամանակ: Պատարագը բովանդակում է Հիսուս Քրիստոսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները՝ ծնունդից մինչև հոգեգալուստ, որոնք արտահայտվում են Աստվածաշնչական ընթերցումներով, շարականների երգեցողությամբ, սաղմոսներով, խրատներով, քարոզներով ու աղոթքներով:

Սուրբ Պատարագը բաղկացած է չորս հիմնական մասերից.

Ա. Պատրաստություն, որը աղոթքներով սրբագործում է խորհրդակատար քահանային և ժողովրդին՝ հավատքով և երկյուղածությամբ պատրաստ լինելու պատարագի մատուցմանը: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մարդեղությունը:

Բ. Երկրորդ մասը կոչվում է երախայից կամ ճաշու պատարագ և խորհրդանշում է  Քրիստոսի գործունեությունը:

Գ. Երրորդ մասը կոչվում է հավատցելոց կամ սրբեցելոց պատարագ, որի ընթացքում հացն ու գինին, Սուրբ Հոգու ազդմամբ, պատարագչի աղոթքներով սրբագործվում են՝ փոխակերպվելով Քրիստոսի մարմնին ու արյանը: Այն խորհրդանշում է Վերջին ընթրիքն ու Ավագ շաբաթը և համարվում է բուն պատարագ:

Դ. չորրորդ և վերջին մասը կոչվում է վերջին օրհնություն և արձակում և խորհրդանշում է Համբարձումն ու Ս. Հոգու գալուստը, որի ընթացքում օրհնություն և արձակում է շնորհվում հավատացյալներին:

Դիտումներ: 1027 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: