Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 6 » Մոմավառություն
14:45
Մոմավառություն

Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջև: Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի և ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծո տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը  գալիս է դեռևս հին ուխտի ժամանակներից: Աստված ինքը Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց,  որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում: Սուրբ գիրքն ասում է նաև. <<Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները,  ճրագակալները, մոմ կտրելու մկրատները>>: Գ Թագ. 7:49

Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը նաև նորահաստատ քրիստոնեական եկեղեցում: Պետք է ասել, որ մոմն ու ճրագն ի սկզբանե նույն նշանակությամբ են օգտագործվել և ունեցել են միևնույն հոգևոր ու նվիրական իմաստը, ինչի շնորհիվ եկեղեցին առ այսօր պահպանել է ճրագ վառելու ավանդությունը:

Վաղ շրջանում հեթանոսների գործադրած հալածանքների պատճառով, որոնք տևեցին երեք դարից ավելի, քրիստոնեական պաշտամունքները կատարվում էին գիշերով, ստորգետնյա և վերգետնյա գաղտնի աղոթատեղիներում ու մատուռներում, որտեղ բնականաբար մոմեր ու կանթեղներ էին վառում` շինության տարածքը լուսավորելու համար: Այդպես էլ հետագայում եկեղեցու ներսը լուսավորելու և կատարվող արարողություններին շքեղություն ու տոնականություն հաղորդելու համար մոմավառությունը մնաց որպես ծեսի կարևոր բաղադրիչ մասը:

Վառվող մոմը խորհրդանշում է Քրիստոսին և ապա` քրիստոնյաներին, մեր աղոթքն ու ողորմությունը, որը մեր իսկ ձեռքով ընծայում ենք Քրիստոսին: Մոմը, որ վառում ենք, խորհրդանշում է նաև կատարյալ զոհաբերություն, որը մարդը պետք է մատուցի իր Արարչին: Մեր եկեղեցում պաշտամունքային, ծիսական արարողությունները կատարվում են  խնկարկումով և մոմավառությամբ և այդ լույսը Հիսուս Քրիստոսն է` երկնավոր լույսը, որով լուսավորվում են բոլոր արարածները:

Ժամանակին մեր եկեղեցում եղել է մոմի և հրի օրհնության կարգ, որը կատարվել է Տյառնընդառաջին և ճրագալույցին: Այսպիսով, եկեղեցում մոմ վառելով` հավատացյալն արտահայտում է իր հավատքը, հույսն ու սերը առ Աստված: Խնդրում է, որ ինչպես այս մոմը` փոքրիկ լույսը, հալածեց տաճարի ներսի խավարը, այնպես էլ լույս Քրիստոսը հալածի մեր` հավատացյալներիս մեղքերի խավարը: Եվ խիստ կարևոր է, որ երբ եկեղեցում մոմ ենք վառում, չվերածենք այն ինքնանպատակ ու մեքենայական գործողության, այլ մշտապես մտաբերենք, որ մոմը և մոմավառությունը ունեն ներքին իմաստ և խորհրդաբանորեն հիշեցնում են մեզ աստվածպաշտական ու փրկագործական կենսապարգև իրողությունների մասին:

Դիտումներ: 1026 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: