Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 22 » Մեր պատմագիրները՝ ԿՈՐՅՈՒՆ
15:45
Մեր պատմագիրները՝ ԿՈՐՅՈՒՆ


Հայ պատմագիրներից առաջինը ժամանակագրական առումով Կորյունն է: Նա ծրագրել էր իր ուսուցչի մահից հետո գրել հայ գրերի ծագման և հեղինակի կենսագրության մասին: Երբ կաթողիկոսական տեղապահից այդ անելու հրամանն է ստանում` գրում է գովաբանական մի կենսագրություն, որի մեջ չի մոռանում հիշատակել նրանց, ովքեր նպաստել են հայ դպրության զարգացմանը: Նրա գրվածքը հայերեն առաջին պատմական երկն է: Այդ երկի գրության ստույգ տարեթիվը մեզ անհայտ է, ենթադրվում է, որ այն գրվել է 443-451թվականները:  451 թվականից  հետո Կորյունի աշխատության դեմ` որպես հակափաստեր հիշատակվում են`

ա) կաթողիկոսական տեղապահ Հովսեփի` 451-ից հետո Պարսկաստան տարվելը և այնտեղ նահատակվելը:

 բ)Կորյունի` Վասակ Սյունի իշխանի մասին գրած հետևյալ խոսքերը <<քաջ Սիսական Վասակը, խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային  իմաստության շնորհներով  օժտված մի մարդ>>: Դժվար, թե 451 թվականից հետո Կորյունն այսքան բարձր գնահատեր Վասակին: Մյուս կողմից Մաշտոցի վարքը գրվել է նրա մահից ոչ անմիջապես հետո, որովհետև Կորյունը գրում է, թե Մաշտոցի մահից 440 թվական,  երեք տարի անց, Վահան Ամատունին տաճար է կառուցել նրա գերեզմանի վրա: Հետևաբար, եթե Կորյունն իր աշխատությունը վաղուց էլ սկսած լիներ, միևնույն է նա ավարտած պիտի լիներ, ոչ վաղ քան 443 թվականը: Կորյունը եղել է Մաշտոցի կրտսեր աշակերտը, ականատես է եղել իր պատմած դեպքերին, մասնակցել Մաշտոցի և Սահակի գործերին, եղել նրանց օգնականը: Վաղարշապատի վարդապետարանը` հայկական առաջին դպրոցն ավարտելուց հետո նա իր ընկերների հետ առաքվել է Հայաստանի գավառները ուսուցչության և քարոզչության, ապա 424 թվականին Մաշտոցի  առաջարկով Ղևոնդի հետ մեկնել է Կ. Պոլիս` հունական մատենագրությանն ու հունարեն լեզվին հմտանալու և թարգմանություններ կատարելու: Այնտեղ նրանք միացել են Հովսեփ Պաղնացուն և Եզնիկ Կողբացուն, որոնք նույնպես նույն նպատակով էին ուղարկվել: Ավարտելով իրենց գործը նրանք վերադառնում են հայրենիք: Կորյունի կենսագրության դրվագներից  մեկը կապվում է Եզնիկ Կողբացու հետ: Վերջինիս նա անվանում է << ընտանեգույն սննդակից>> : Այս կապակցությունը ցույց է տալիս, որ նրանք մանկության տարիները անցկացրել են միասին: <<Վարք Մաշտոցի>> երկը մեզ է հասել ընդարձակ և համառոտ խմբագրությամբ: Ոմանք համառոտն են համարել հարազատ, նախնականը,  ուրիշները` ընդարձակը: Այժմ ապացուցված է, որ Կորյունի գրչին պատկանողը ընդարձակն է, այն ինչ համառոտը 6-ից 9-րդ դարերում փոփոխությունների ենթարկված մի տարբերակն է` կատարված Մ. Խորենացու <<Հայոց պատմություն>> աշխատության ազդեցությամբ: Առաջին կարճ առաջաբանից հետո Մաշտոցի վարքագիրը գրում է երկրորդ երկար նախաբանը, որպեսզի պատասխանի այն հարցին, թե արդյոք թույլատրելի է կատարյալ նարդկանց վարքը գրել, թե ոչ: Աստվածաշնչից բազմաթիվ մեջբերումներ անելով` նա ցույց է տալիս, որ դա ոչ միայն թույլատրելի է, այլև անհրաժեշտ` ուրիշներին օրինակ ծառայելու համար: Վերջում նա եզրակացնում է, թե ինքը ևս կարող է համարձակվել գրի առնելու արդար մարդու`Մաշտոցի վարքը: Առաջին հայացքից թվում է, թե այդ առաջաբանը չի առընչվում բուն  նյութի հետ և հավանաբար այդ պատճառով է համառոտ տարբերակում հանված: Սակայն Կորյունն այդ հատվածը գրելով ունեցել է իր նպատակադրումը: Ինչպես հայտնի է, վարքեր գրվում էին միայն սրբերի մասին: Ընդհանուր քրիստոնեական գրականությունից հայտնի են Բարսեղ Կեսարացու,  Հովհան Ոսկեբերանի և այլոց վարքերը: Բայց չէ որ Մեսրոպը սուրբ չէր: Կորյունը Մաշտոցին նրանց հավասար է դասում, որովհետև նա հայ ժողովրդի համար բացառիկ գործ է կատարել: Կորյունը գրերի գյուտը  նկարագրել է մանրամասնորեն` լիովին գիտակցելով նրա մշակութային  քաղաքական մեծ նշանակությունը: Մաշտոցի վարքը հայ գրականության սկզբնավորման միակ ժամանակակից և վավերական երկն է: Կորյունը սկզբնաղբյուր է դարձել հետագա գրողների համար:

Կորյունի երկում կարևոր տեղեկություններ կան Հայաստանի ներքաղաքական ու հասարակական կյանքի մասին: Վարքը վերջանում է ժամանակագրական հատվածով: Սա առաջին ժամանակագրությունն է հայ մատենագրության մեջ և տեղեկություններ, տվյալներ է հաղորդում Մաշտոցի կենսագրության, գրերի գյուտի տարեթվի վերաբերյալ:

Ինչ է իրենից ներկայացնում Կորյունի երկը: Թեև այն կոչվում է <<վարք>>  և իր  մեջ պարունակում է վարքագրական  երկերին հատուկ շատ բան, սակայն այդ գործի համար առավել բնորոշը պատմականությունն է: Այն Մաշտոցի և հայ գրերի գյուտի պատմությունն է: 

Դիտումներ: 583 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: