Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 22 » Երիտասարդների մասին
23:57
Երիտասարդների մասին


Իմաստուն երիտասարդը նման է խորարմատ ծառի, որին փորձությունների  հողմերը թեպետև շարժում են, բայց կործանել չեն կարող:

Երիտասարդական հասակը դյուրասահ է դեպի ամեն վայելք: Ուստի եթե  նույնիսկ որևէ ախորժելի  բան երիտասարդին անմեղ թվա, տակավին պետք է կասկածի, իմաստուններից ու փորձառուներից խորհուրդ հարցնի և նրանց խրատի համաձայն վարվի: Ճանապարհին անծանոթ որևէ ուղևոր հետևում է առաջնորդի. բայց զարմանալի է, որ դեպի ծերություն ճանապարհորդող երիտասարդը չի հետևում ծերերի առաջնորդությանը:

Կա մարդ, որ սխալվում է, բայց դրանով ճանաչում է իր թերությունը, զգաստանում և դրանից օգուտ քաղում: Մարդ էլ  կա, որ սխալվում է, բայց դրանով առավել է համառում իր կարծիքին և վնասվում: Որովհետև անգիտության սխալները դառնում են հանդուգն խելագարություն և չարաչար վնասում: Ուստի ոչ այնքան մեղադրելի է նա, ով սխալվում է, որքան նա, ով չի կամենում իր սխալները  ճանաչել և  ուղղվել. իսկ ով կամովին չի ուղղվում, ակամա վնասվում է:

Ով իր սխալը ճանաչում ու խոստովանում է, հանդիմանության արժանի չէ, քանզի սխալը ճանաչելն ու խոստովանելը նշան է նրա հոգու ազնվության: Եվ եթե այդ սխալով սովորեց գալիք արկածներից զգուշանալ և իր ընթացքը  բարեկարգել, որովհետև չկա մի ծայրագույն հանցանք, որ խոնարհ խոստովանությամբ ներելի չլինի, ապա ոչ ոք պիտի չվհատվի, թեկուզև վտանգների մեջ ընկած լինի, այլ անվեհեր սրտով ջանք թափի ազատվելու հնարներ գտնելու համար: Մարդիկ երջանիկ կլինեին, եթե երիտասարդական հասակում ունենային փարձառու ծերերի խոհեմությունը և ծեր տարիքում՝ առույգ երիտասարդի ուժը: Երանի  թե երիտասարդները ծերերից խոհեմություն փոխ առնեին, և ծերերը երիտասարդներից՝ ուժ. որովհետև ծերը զգում է շատ բան, որ չէր զգում երիտասարդ ժամանակ, և երիտասարդը կարող է շատ բան, որ չի կարողանալու անել ծեր ժամանակ: Բարեվիճակ է այն մանուկը, որ հասակի զարգանալու և աճելու հետ զարգանում ու հարստանում է գիտելիքներով  ու առաքինությամբ: Ծերության հետևանքով մարմնի ուժի  պակասելու դեպքում  էլ այդպիսինի  խոհեմությունն  ու առաքինությունը չեն պակասում:

Աստված երբեմն  երիտասարդներին  թույլ է տալիս սխալվել, որպեսզի ճանաչեն մարդկային տկարությունն ու զգաստանան և այլևս սեփական  ուժերին չվստահեն: Եռանդուն  երիտասարդներն  ավելի խրատների կարիք ունեն, քան դրամի: Որովհետև եթե  խրատված ու բարեկարգ են, եթե դրամ չունենան  իսկ, նրանց  համար բնավ դժվար չէ այն ձեռք  բերել  և օգտակար գործերի համար բանեցնել: Իսկ եթե դրամ ունեն, բայց անխրատ են, հնարավոր  է, որ այն վատնեն  մոլեկան գործերի վրա և ի վնաս իրենց՝ միշտ աղքատության մեջ մնան:

Երիտասարդներն առավել հակամետ են շռայլության, քան ժլատության, որովհետև հույս  ունեն, թե երբ էլ կամենան, կարոող են  ունեցվածք ձեռք բերել: Իսկ ծերերը միշտ ավելի ժլատ են լինում, որովհետև հույս չունեն, թե կարող են  ունեցվածք ձեռք բերել, երբ կամենան: Ուստի առած կա, թե ծերի մեջ բոլոր մոլությունները ծերանում են, բայց ագահությունը մանկանում է: Ծերերի մոլությունները նման են հնացած ախտերի, որոնք խիստ դժվարությամբ են ապաքինվում և կամ բնավ չեն ապաքինվում : Իսկ երիտասարդների մոլությունները նման են նոր սկիզբ առած հիվանդությունների, որոնք չնչին  դարմանումներով կարող են բժշկվել:

Երբ զգայական բաղձանքը  գլուխ բարձրացնելով  տիրում է կամքին, բանականության լույսը մթագնում է, և դարուփոսերը  նրան հարթ ճանապարհներ են թվում: Եվ զարմանալի չէ, եթե երիտասարդները, զգայական ցանկությամբ հափշտակված, գահավիժում են տեսակ-տեսակ անկարգությունների մեջ. որովհետև նրանց մտքի լույսը մթագնել է՝ մարդկային մեր բնության ուղիղն ու վայելուչը տեսնելու, նրանցով ընթանալու և դեպի կորուստ կարապետող շավիղներից խոտորվելու համար: Առանց հոգին վշտացնելու հնարավոր չէ,  որ մարդը մարմնական հաճույքները վայելի: Ուրեմն՝ ով մարմնի հաճույք է փնտրում, հոգու համար վիշտ ու տանջանք է փնտրում:

Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի՝ Խրատի թանգարան

Դիտումներ: 765 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Ари-сан  
0
Շատ շնորհակալ եմ:)

2 Vahe  
0
Հարգելի Սոնա ջան անշուշտ, որևէ խնդիր չկա: Սիրով:

1 Ари-сан  
0
Ողջույն, հարգելի հեղինակ: Իմ անունը Սոնա է, ես «Սևակ» ինտերնետային ամսագրի (sevakakaumb.do.am) գլխավոր խմբագիրն եմ: Մեր ամսագրի հաջորդ համարում քննարկվելու է հենց «Հայրերի և որդիների» դարավոր խնդիրը: Թույլ կտա՞ք մեզ հրապարակել Ձեր այս նյութը, իհարկե հեղինակին նշելով և Ձեր կայքի գործող հղումը տեղադրելով:

Անուն *:
Email *:
Կոդ *: