Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 11 » Աղոթքի լեզուն` Սուրբ Գրիգոր Նարեկացի
23:59
Աղոթքի լեզուն` Սուրբ Գրիգոր Նարեկացի

Երբ մենք նեղության, փորձության, կարիքի կամ վշտի մեջ ենք, հաճախակի դիմում ենք առ բարձրյալն աստված, դիմում աղոթքի զորավոր ու ներգործուն ուժին, որը ամոքում է ամեն տեսակ վիշտ ու խռովություն` մաքրելով մեր միտքն ու հոգին տարատեսակ աղտեղություններից: Շատերս ենք լսել  մեր եկեղեցու եռամեծար սրբերից Գրիգոր Նարեկացու սրբախոս ու շնորհաբաշխ  Նարեկի ամենակարող աստվածային խոսքի մասին, աղոթել ու ընթերցել առաջին հոգևոր այբբենարանի սրբատառ ու դարմանիչ բառերով: Այսօր էլ ահա, մեծի պահոց շրջանում շատ կարևոր է, ևս մեկ անգամ անդրադառնալ Սուրբ նարեկի իմաստուն խոսքին, որը կարող է մշտանորոգ հոգևոր ճշմարիտ ուղեցույց լինել: Նարեկով մարդ արարածն իր մեջ աստծուն է գտնում, մաքրվում մարմնական ու հոգևոր տկարություններից, մոլություններից`դառնալով աստծո մաքուր ու անարտ տաճար, ամրապնդում կապն արարչի հետ` լցնելով  միտքն ու հոգին աստվածային լույսով և քրիստոնեական ազգային բարոյագիտական  վեհ գաղափարներով:

Որդի Աստուծոյ կենդանւոյ, օրհնեալ յամենայնի,  Հօրդ ահաւորի անքնին ծնունդ, որ տկարանայ առ ի Քէն եւ ոչ ինչ, որ ի ծագել անստուեր նշուլից ողորմութեան Քո փառաց. Հալին մեղք, հալածին դեւք, ջնջին յանցանք, խզին կապանք, խորտակին շղթայք, կենդանածնին մահացեալք,  բժշկին հարուածք, ողջանան վէրք, բառնին ապականութիւնք, տեղի տան տխրութիւնք, նահանջին հեծութիւնք, փախնու խաւարն, մեկնի մէգն, մերժի մառախուղն, փարատի մռայլն, սպառի աղջամուղջն, վերանայ մութն, գնայ գիշերն, տարագրի տագնապն, չքանան չարիքն, հալածին յուսահատութիւնքն, եւ թագաւորէ ձեռն քո ամենակար, քաւիչդ ամենայնի:  Որ ոչ եկիր կորուսանել զմարդկան ոգիս, այլ կեցուցանել, թող ինձ զանթիւ չարիսն իմ բազում ողորմութեամբդ, զի Դու միայն ես յերկնի անճառ եւ յերկրի` անզնին, ի տարր գոյի եւ յեզրս ծագաց աշխարհի, սկիզբն ամենայնի եւ յամենայնի` ամենայն լրմամբ, օրհնեալ ի բարձունս. եւ Քեզ ընդ Հօր եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ փառք յաւիտեանս. Ամէն:

Որդի կենդանի Աստծո, ամենաօրհնյալ, անքնին ծնունդ դու ահավոր հոր, քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի: Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն, կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները, կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները, և վերքերը կառողջանան: Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները, կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն ու մեգը կմեկնի, կցրվի մառախուղն ու մռայլը կփարատվի: Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն ու գիշերը կանցնի, տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները, հուսահատությունները կհալածվեն, և կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավիչդ բոլորի: Դու չեկար կորցնելու մարդկանց հոգիներն, այլ ազատելու. Ներիր ինձ անթիվ չարիքներս` քո բազում ողորմությամբ, զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում` անզնին, գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում, օրհնյալ ի բարձունս.  և քեզ Հոր ու սուրբ Հոգուդ  հետ` փառք հավիտյանս. Ամեն:

 

Դիտումներ: 1759 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: