Հայ
Առաքելական Սուրբ եկեղեցում կան հոգևոր բարեպաշտական մի շարք արարողություններ` մոմավառություն,
տնօրհնեք, մատաղ: Դրանցից մեկն էլ հոգեհանգստյան արարողությունն է: Անուն արդեն իսկ
մեզ հուշում է. հոգիների հանգստության համար
կատարվող ծիսական արարողություն: Հայ առաքելական եկեղեցում տարին հինգ անգամ, տաղավար,
մեծ տոների, Ս. Ծնունդ, Ս. Զատիկ, Վարդավառ, Աստվածածնի վերափոխում և Խաչվերաց, հաջորդ օրը մեռելոց հիշատակի ոգեկոչման օր է: Մեռելոց օրերին
բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին տեղի է ունենում հոգեհանգստյան ընդհանուր կարգ, շատերը այդ օրերին քահանաների ուղեկցությամբ այցելում են իրենց հարազատների
շիրիմներին և գերեզմանոցներում կատարում գերեզմանօրհնեքի կարգ: Մենք հիշում ենք կյանքից
հեռացածներին, մեր աղոթքներում խնդրում աստծուն,
որ ննջեցյալների հիշատակը հավերժ լինի, աղոթում ենք` նրանց բերելով հավիտենական կյանքի
ավետիսը: Հիշելով և աղոթելով մեր հարազատների,
հանգուցյալների հոգիների հանգստության համար` Բարձրյալից հայցում ենք նրա գթառատ ողորմությունը:
|