Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 26 » Վերածննդի գրականությունը
15:45
Վերածննդի գրականությունը


 14-րդ դարը համաշխարհային գրականության մեջ նշանավորվեց զարգացման մի նոր, հզոր շրջանով, որ կոչվում է վերածնունդ:  Սա համաշխարհային նշանակության այն եզակի դեպքերից է, որն ամբողջությամբ ընդգրկում է հոգևոր ու նյութական մշակույթի  բոլոր բնագավառները: Հնարավորինս պարզ ասած վերածնունդը միջնադարյան անշարժ, ծանր ժամանակներից մարդկության հզոր առաջընթացն էր դեպի նոր քաղաքակրթություն: Վերածննդի հասարակական քաղաքական հիմքը կապիտալիզմի  ձևավորումն ու զարգացումն էր: Կապիտալիստական  կեցությունը հեշտությամբ չհաստատվեց, որովհետև ֆեոդալական կենսակերպը համառորեն չէր զիջում իր դիրքերը: Այդ պայքարում վերածննդի գաղափարաբանությունը դարձավ կապիտալիզմի ինքնահաստատման զենքերից մեկը: Վերածննդի մեծ արվեստագետներն ու  գործիչներն իրենց կյանքի գլխավոր նպատակն էին դարձրել արդեն վաղուց իրեն սպառած ֆեոդալական հասարակարգի քննադատությունն ու վերացումը: Կեցության այդ ձևի մեջ նրանք  տրամաբանություն չէին տեսնում, որը ցույց տալու համար չափազանց անզիջում էին: Իրենց նպատակը հենց կապիտալիզմի հաստատումը չէր:  Նրանք մտքի և հոգու տիտաներ էին, որ պայքարում էին  հանուն մարդկության առաջընթացի, իսկ կապիտալիզմը այդ ժամանակ ֆեոդալիզմի համեմատ առաջադիմական էր: Եվրոպական երկրներում, նախ Իտալիայում հետո Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Անգլիայում,  հասարակական  մտածողության մեջ ձևավորվեց  մի աշխարհայացք, որի գլխավոր արժեքը բուրժուական  հեղափոխությունների կամ բարեփոխումների միջոցով մարդու իրավական հավասարության նվաճումն էր և դասային , տոհմական և այլ կարգի արտոնությունների  վերացումը:  Գեղարվեստական գրականության մեջ  հասարակական կյանքում տեղի ունեցած այդ էական  փոփոխությունները արտացոլվեցին մի քանի էական հատկանիշների ձևով:  Վերածննդի շրջանի գրականությունը առաջին հերթին կյանքի ռեալիստական պատկերներով լեցուն խիստ քննադատական գրականություն է: Այն մանրամասնորեն և հետևողականորեն  բացահայտում է ֆեոդալիզմի անմարդկային,  ժամանակավրեպ լինելը: Վերածննդի  գրականության այդ էական  առանձնահատկությունը ճշգրտորեն ձևակերպված էր <<կյանքն ինչպես որ է >> սկզբունքով  ստեղծագործելու պահանջի մեջ: Ֆեոդալիզմի դեմ պայքարի շրջանում բուրժուազիան կյանքի առաջադիմության  կրողն ու պաշտպանն էր:  Վերածննդի շրջանի  մտավորականները մեծ մարդասերներ էին և պաշտպանում էին  ազատության, եղբայրության, իրավահավասարության կոչով պայքարի ելած բուրժուազիային:  Այդ պահին նրանց շահերն ընդհանուր էին և նպատակը մեկը. ազատագրվել  ֆեոդալիզմից:  Վերածննդի գրականությունն իր գաղափարաբանությամբ  մի կողմից պայքարում էր ֆեոդալիզմի դեմ, մյուս կողմից՝ ամեն կերպ ձգտում էր  մարդկանց համոզել  բանական, մարդկայնորեն  ընդունելի  և արդարացված հասարակարգ կառուցելու  անհրաժեշտության մեջ: Կապիտալիզմը զարգացման առաջին էտապում այդպիսին լինելու շահագրգռություն էր դրսևորել:  Վերացվեցին  բոլոր տեսակի դասային արտոնությունները, բոլոր մարդիկ օրենքի առաջ հայտարարվեցին հավասար: Մարդն առաջին անգամ ազատագրվեց իրավական առումով: Այս ողջ հասարակական թոհ ու բոհի մեջ  վերածննդի գրականությունը ձգտում էր հասնել այնպիսի հասարակական հարաբերությունների հաստատմանը, որի շնորհիվ մարդը կարող էր լիարժեքորեն ապրել իր համար նախասահմանված ազատությունը, կարող էր կայանալ իր բոլոր ընդունակություններով մարդկայնորեն  ընդունելի  նպատակներով ու արարքներով: Վրածննդի գրականության  մեծությունները ոչ թե հենց կապիտալիստական  հարաբերությունների պաշտպանն էին, այլ մարդու  լիարժեք ու ազատ զարգացման գաղափարախոսը: Վերածննդի գրականության գաղափարախոսությունը կրում են այդ գրականության հերոսները, հատկապես, գլխավոր ու դրական:  Սրանք, հիմնականում, գորղների մտացածին կերպարներն են, կյանքում գրեթե նախատիպեր չեն ունեցել և մարմնավորել են  հեղինակների իդեալները: Վերածննդի գրականությունը հաճախ միտումնավոր իդեալականացնում էր  մարդկության զարգացման  նախաքրիստոնեական շրջանը՝ ներկայացնելով այն որպես մարդու  հնարավորությունների և կամքի  ազատ դրսևորման ժամանակաշրջան: Դա արվում էր որպես հակադրություն  միջնադարյան եվրոպական  կենսակերպին և մտածողությանը՝ վերջինիս անմարդկայնությունը ցույց տալու համար: Ահա այս է պատճառը, որ վերածննդի արվեստում շատ են անտիկ կյանքի ու գրականության մոտիվները:

Դիտումներ: 423 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: